Այո, կարող ենք ենթադրել, որ առաջիկա օրերին կսկսվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ խորհրդակցություններ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, այլ տարբերակ անհնար է: Կա համաձայնություն սեղանի շուրջ նստելու և քննարկելու հարցը: Որոշակի քայլեր կձեռնարկվեն այսօր և վաղը՝ հայտարարության կամ հուշագրի կնքման ուղղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ անելու են ամեն ինչ, որ միասնական դիրքորոշում ձևավորվի:
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քննարկումներին, Սիմոնյանն ասաց, որ վստահ չէ, որ Զոհրաբյանն ամբողջությամբ ներկայացնում է ԲՀԿ-ն: «ԲՀԿ-ում ասում է մեկ մարդ, և չեմ բացառում, որ նման խոսակցություն նրա հետ այսօր կամ վաղը տեղի կունենա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, իշխանությունը կգնա՞ արտահերթ ընտրությունների, Սիմոնյանն ասաց, որ նախապես, մինչև գործընկերների հետ խոսելն այդ հարցով հայտարարություն անելը ճիշտ չի համարում:
«Երբ պրոցեսները քաղաքական շարունակություն չեն ունենում, տհաճ իրադարձություններ են տեղի ունենում: Այն հարցը, որն օդում կախված է՝ ով է իշխանությունը, ով պետք է իշխանություն լինի, պետք է ստանանք ժողովրդից»,- ասաց նա: