Եռամսյա կայունությունից հետո Հայաստանում վերջին օրերին համաճարակային իրավիճակը կտրուկ փոփոխվել է: Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հոսպիտալային ֆոնդի խնդիր է տեսնում: Եթե վերջին ամիսներին կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար բավական էր միայն մեկ բուժկենտրոն, այսօր արդեն քննարկվում է որոշ հիվանդանոցներ կրկին վերապրոֆիլավորելու հարցը:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Սկսում ենք բացումը, որ չունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին:
Վարակման նոր դեպքերը նախորդ 2 շաբաթվա համեմատ 37 տոկոսով աճել են: Մասնագետները մոտ ապագայում քովիդի՝ առավել արագ տարածման ռիսկեր են տեսնում: Տնտեսվարողներին, քաղաքացիներին հիշեցնում են. հակահամաճարակային կանոնները խստորեն պետք է պահպանվեն: Քովիդը ոչ մի տեղ չի գնացել, բայց մարդիկ թուլացրել են զգոնությունը:
Ռոմելլա Աբովյան - Ականատես եմ եղել անձամբ, շատ ուշադիր եմ փողոցում, հանրային տրանսպորտում գրեթե դիմակ չեն կրում, հանրային սննդի կազմակերպություններում արդեն իսկ կան վայրեր, որտեղ ձեռքերի ախտահանիչներ չեմ տեսել, դիմակների մասին էլ չեմ խոսում, որ փակ տարածքներում դիմակների կրումը հավասարվել է զրոյի:
Անհամեմատ աճել է երեխաների ու երիտասարդների վարակման ցուցանիշը: Հայաստանում մի քանի դպրոց ինքնաբուխ հեռավար ուսուցման է անցել: Դպրոցում վարակվածները չափազանց շատ էին: Չի բացառվում, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում դասերը հեռավար անցկացնելու միջնորդություն ուղարկի: Այս հարցն առայժմ քննարկման փուլում է:
Ռոմելլա Աբովյան - Եթե իրավիճակը այսպես շարունակվի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ, վերադառնանք այն իրավիճակին, ինչ ունեինք մի քանի ամիս առաջ:
Երեխաների ու երիտասարդների շրջանում վերջին 14 օրվա ընթացքում վարակման դեպքերն աճել են մինչև 4.8 անգամ: Սրանք միայն այն ցուցանիշներն են, երբ արդեն ախտանշաններով դիմել են բժշկական կենտրոններ:
Հանրահայտ-անհայտ վիրուսը շարունակում է անակնկալներ մատուցել. նախկինում միայն տարեցների ու քրոնիկ հիվանդների համար սպառնալիք հանդիսացող քովիդը, հավանաբար մուտացիաների հետևանքով, սկսել է նաև երիտասարդ օրգանիզմների վրա ծանր հետևանքներ թողնել:
Պետրոս Մանուկյան («Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն) - Ունենք երիտասարդների շրջանում ավելի մեծ ծավալով թոքաբորբեր, ցավոք ունենում ենք նաև մահվան ելքով դեպքեր: Թոքաբորբի առկայությունը երիտասարդների մոտ նախկինում որ հազվադեպ էր լինում, այսօր, կարելի է ասել, ովքեր հայտնվում են հիվանդանոցում, բոլորի մոտ կա թոքաբորբ, և շատ հաճախ երիտասարդների մոտ լինում է ծանրագույն ընթացքով թոքաբորբ՝ շատ արագ ընթացող:
Կորոնավիրուսի հետ կապված տարբեր հետազոտություններ անցկացնող Երևանի պետական բժշկական համալսարանը, ամփոփելով քովիդի՝ Հայաստան մուտք գործելու 1 տարին, ակադեմիական քննարկում էր կազմակերպել: Հետազոտությունների նախնական արդյունքով՝ վարակված-առողջացած մարդը, որն ունի հակամարմիններ, գոնե 10 ամիս նորից վարակվել չի կարող, բայց մասնագետները շարունակում են պնդել, որ պաշտպանության լավագույն միջոցը պատվաստումն է՝ նույնիսկ արդեն վարակված-առողջացածների դեպքում: Աշխարհի շատ երկրներում պատվաստման գործընթացն արդեն սկսված է:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Պատվաստվելու հարցը քննարկման չպետք է դրվի: Մենք համարում ենք, որ դա անհրաժեշտություն է:
Մարտից պատվաստումներ կարվեն նաև Հայաստանում: Երեք փուլով, ռիսկի և այլ խմբերի անձանց պետպատվերով պատվաստում կառաջարկվի: Զուգահեռ չի բացառվում, որ մասնավոր ընկերություններն էլ այս ծառայության վճարովի տարբերակն առաջարկեն:
Lենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Հնարավորինս սերտ գործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ ու որակյալ վակցինա բերել Հայաստան:
Վճարովի, թե անվճար՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու: Պարզապես աշխարհի թելադրած խաղի կանոնները կարող են մարդկանց ստիպել այդ քայլին գնալ: Որոշ երկրներ քննարկում են պատվաստումային անձնագիր ներդնելու հարցը: Սա նշանակում է, որ հատկապես զբոսաշրջիկները, եթե ոչ առողջապահական նպատակներով, ապա ուրեմն հանուն ճամփորդությունների պատվաստվելու են:
Այդ երկրները տուրիստներին իրենց երկիր մտնել թույլ չեն տա, եթե վերջինները չունենան պատվաստված լինելու մասին հավաստիացնող փաստաթուղթ: