Ազգային ժողովի քառօրյայի օրակարգային հարցերը համահունչ չեն երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին: Օրենսդի՞րը աշխատանքը սկսեց վերջին շրջանում ընդդիմադիրներից պարբերաբար հնչող այս մեղադրանքների ֆոնին: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իշխող մեծամասնությանը կոչ արեց ռազմական դրությունը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, վարչապետին անվստահություն հայնտել և գնալ արտահերթ ընտրության:
Մինչև օրակարգը կհաստատեին, «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյա՞նը խորհրդարանի ղեկավարին խնդրեց բացատրել, թե ինչու չի ներկայացել նախորդ շաբաթ երկու ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած խորհրդի նիստին: Ազգային ժողովի նախագահը պնդեց՝ չներկայանալը իր իրավունքն է, իսկ նիստին չներկայանալու պատճառները կարող են տարբեր լինել:
«Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանը խորհրդարանի ամբիոնից կարծիք հայտնեց, թե իշխանությունը չի զբաղվում պետության համար առաջնահերթ հարցերի լուծմամբ: Ընդդիմադիր գործընկերոջը հակադարձեց իշխող ուժից Հայկ Կոնջորյանը: Հիշեցրեց՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ Աբովյանը հնարավորություն ուներ մասնակցելու վեհաժողովի նիստերին՝ ադրբեջանցի պատվիրակների ներկայությամբ բարձրաձայնելով արցախյան խնդրի հետ կապված հարցեր:
Անցելով օրակարգին՝ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցմամբ մի շարք հարցեր: Օրվա երկրորդ կեսին արդեն օրենսդիրը սկսեց քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Նրանց առաջադրել է բարձրագույն դատական խորհուրդը: Պատգամավոր Արման Բաբաջանյանը ԲԴԽ նախագահին հիշեցրեց նոյեմբերի 15-ի հայտարարությունը: Այդ օրը Ռուբեն Վարդազարյանը կոչ էր արել գործընկերներին իրենց առաքելությունը իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով: Նա նաև նշել էր՝ ժամանակն է ապացուցել պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ: Բաբաջանյանի գնահատմամբ՝ դա մարտակոչ էր, որով ԲԴԽ-ն իր հովանավորության տակ վերցրեց ահաբեկչական հայտարարություններով հանդես եկողներին:
Այն, որ Վարդազարյանի հայտարարությունը քաղաքական է, պնդեց նաև «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցրեց՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը հետևած զարգացումները և այդ ֆոնին ԲԴԽ նախագահի հայտարարությունը:
Հարցի քննարկումը կշարունակվի վաղը: