Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական փոփոխություններ են արվել, որոնք բովանդակության վրա չեն ազդում:
Պապոյաննը նշեց, որ նախագիծը միտված է գործող օրենքը բարելավելուն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելուն, որ կարող էին տեղի ունենալ այդ գործընթացի կառավարման, կատարման ընթացքում, նաև մեծացնել թափանցիկությունը և գործընթացի հանդեպ հանրային վստահությունը:
«Այս օրենքի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում գնումների կազմակերպման, կառավարման գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնել մրցույթի մասնակցի կողմից, ԶԼՄ-ի կողմից և ՀԿ-ների կողմից: Եվ, ըստ էության, շատ էականորեն կրճատում ենք հնարավորությունը, որ կարող է մրցույթը հաղթողի և ապրանքը ընդունողի միջև կոռուպցիոն ռիսկեր և պայմանավորվածություններ առաջանալ, և դրա հետևանքով պետությանը պատճառվել էական վնաս»,- նշեց Պապոյանը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ նախագիծը ներկայացնելիս պատգամավորը նշել էր, որ գնումների գործընթացին մասնակցող, բայց պարտվող սուբյեկտների մոտ կարող են առաջանալ կասկածներ: Գնման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ մրցույթը հաղթած սուբյեկտը պատվիրատուին ապրանքը կմատուցի այն պայմաններով, որոնցով հաղթել է:
«Մենք առաջարկում ենք, որ ընդունման-հանձնման գործընթացին մասնակից դառնա նաև այն պարտվող մասնակիցը կամ մասնակիցները, որոնք, օրինակ, ավելի բարձր գին սահմանելու պատճառով չեն հաղթել: Իրենք կարող են գալ, բացել փաստաթուղթը և տեսնել, որ, օրինակ՝ պարամետրերով նախատեսված է հենց այս ջուրը: Եթե հենց այս ջուրն է մատակարարվում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե ոչ՝ բնականաբար, արդեն սկսվում է այն գործընթացը, որը մենք առաջարկում ենք օրենքով: Այսինքն՝ մենք հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ենք ստեղծում այս օրենքի նախագծով, մեծացնում ենք թափանցիկությունը պետական գնումների հանդեպ, հնարավորություն ենք տալիս փարատել բոլոր կասկածները, որոնք կարող են լինել գնումների հանդեպ՝ ամենաշահագրգիռ ու մասնագիտացված մարմինների միջոցով: Դրանք են՝ մրցակիցները, հասարակական կազմակերպությունները և ոլորտով հետաքրքրված, մասնագիտացված լրատվական միջոցները»,- նշել էր Պապոյանը: