2021 թվականին Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ Այդ կապակցությամբ հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ կազմակերպել են «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով, դրոնով կամ այլ սարքավորումներով:
Ֆոտոմրցույթին մասնակցելու համար պետք է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով. «Իմ երկրի ատոմային էներգիան». լուսանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերություններն ատոմային էներգետիկայի հետ:
«Հայաստանի կյանքի էներգիան». Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի հերոսները կարող են լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:
«Հայաստանի էկոլոգիան և բնությունը». լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը: «Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը»՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում: Աշխատանքներն անհրաժեշտ է մինչև մարտի 21-ն ուղարկել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/3KTSeZoW3qK2Axfy5:
Հաղթողները հայտնի կդառնան ապրիլին: Հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր: Ֆոտոմրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական նախագծի մրցութային էջ՝ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/events/771726410106951:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի խոսքով՝ մրցույթը հնարավորություն է տալիս նորովի տեսնել Հայաստանն ու ատոմային ոլորտը. «Դպրոցականներին, բուհերի տեխնիկական, գեղարվեստական և այլ մասնագիտությունների ուսանողներին, լուսանկարչական ստուդիաների սովորողներին, լրագրողներին և ֆոտոթղթակիցներին, բոլոր նրանց, ովքեր պարզապես սիրում են լուսանկարել, հրավիրում ենք մասնակցել մրցույթին:
Համոզված եմ, որ ֆոտոմրցույթի շնորհիվ կբացահայտենք նոր տաղանդներ, իսկ ներկայացված լուսանկարները թույլ կտան նորովի նայել Հայաստանին և ատոմային ոլորտին»: