Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող, «Քաղաքը», «Վարդապետը» ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, մի շարք երգերի խոսքերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:
Երկար տարիներ Սոսի Խանիկյանը համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ և խմբագիր։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սոսի Խանիկյանի մահվանը:
«Սոսիի հետ ընկերության վերաճած մեր գործընկերությունը սկսել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից: Այս նախագծի հիմքում յուրօրինակ, աշխատասեր, արժեք ստեղծող քաղաքացիների բացահայտումն ու հանրահռչակումն էր:
Նաև Սոսիի մասնակցությամբ միասին մեր թիմով զրոյից ստեղծեցինք այս մրցանակաբաշխությունը: Նրա հետ շաբաթներ առաջ նախագծում էինք Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմը, որը շանսոնյեի հարյուրամյակին պետք է Առաջին ալիքի եթերում լիներ:
Այս նախագծով էլ մեր գործընկերը պետք է վերադառնար հարազատ հեռուստաալիք: Շուտով հանձնեց սցենարի առաջին սևագիրը, որը կիսատ մնաց:
Հենց Սոսիի նախագծած կառուցվածքով էլ կնկարահանենք ֆիլմը…
Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր»,- գրել է Մովսիսյանը:
Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 1-ին՝ ժամը 21.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Սոսի Խանիկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 22.15-ին մահացել է:
Կատարվում է քննություն։