ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանի ամբիոնից նշեց, որ իր կարծիքով Հայաստանն առանձին է ապրում իր խնդիրներով, իսկ «Իմ քայլը» խմբակցությունն առանձին օրակարգ ունի՝ իշխանությանը մեղադրելով պետության համար առաջնահերթ կարևոր հարցերի լուծմամբ չզբաղվելու մեջ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ արձագանքեց Աբովյանին՝ նշելով, որ այսօր մեր պետության համար մեկ առաջնահերթությունը գերիների վերադարձի հարցն է:
«Պարո՛ն Աբովյան, դուք նախորդ տարվա փետրվարից հանդիսանում եք ԵԱՀԿ վեհաժողովում մշտական անդամ, մենք այդ պահից մինչև այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում, կոնֆերանս տարբեր հարցերի շուրջ: 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանցի պատվիրակների հետ բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներ:
Ոչ մի անգամ չեք մասնակցել, պարո՛ն Աբովյան, ոչ մի անգամ, ես հանձնարարել եմ քարտուղարությանը, որ բոլորին օնլայն նիստերի լինքերը ուղարկվեն, դուք ոչ մի անգամ չեք մասնակցել ու ոչ մի անգամ չեք փորձել ադրբեջանցիներին իրենց տեղը դնել, ոնց որ փորձում եք հիմա մեզ մեր տեղը դնել»,- նշեց Կոնջորյանը:
Կոնջորյանը նշեց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանը, որը Արցախյան վերջին պատերազմից հետո առաջին նստաշրջանն էր, Արման Աբովյանը խոստացել էր, որ մասնակցելու է, անգամ պայմանավորվել էին, թե որ հանձնաժողովում է խոսելու, բայց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը այդպես էլ չի մասնակցել:
«Դուք կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը՝ ուղիղ ադրբեջանցիների աչքերին նայելով: Հիմա էստեղից գալիս մեզ ասում եք՝ գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք անում: Կարող եք էստեղ մեզ էլ քննադատել, բայց հանուն արդարության՝ կխնդրեմ հաջորդ անգամ կատարել նաև ձեր պարտականությունները»,- նշեց Կոնջորյանը: