Արտահերթ խորհրդարանական ընտրությունների երեկվա առաջարկից հետո այսօր վարչապետը զանգել է Էդմոն Մարուքյանին ու հանդիպման հրավիրել։ Լուսավոր Հայաստանի ղեկավարը ենթադրում է՝ Փաշինյանի հետ կհանդիպեն վաղը, կքննարկեն եղած բոլոր առաջարկները։ Արդյոք նախապայման լինելու է՝ հարցրեցինք Մարուքյանից, քանի որ ավելի վաղ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարել էր՝ հուշագիր կստորագրեն և Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրի, եթե վարչապետը հետ վերցնի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իր առաջարկը:
Վարչապետը մինչդեռ երեկ պնդեց՝ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պաշտոնին մնալ չի կարող, իսկ ելույթից հետո պատասխանելով «Լուրերի» հարցին ասաց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն ուժի մեջ է, «Լուսավոր Հայաստանն» իր դիրքորոշումը հայտնել է, մնում է լսել նաև «Բարգավաճի» տեսակետը, և եթե համաձայնություն լինի, ընտրությունները կանցկացվեն այս տարի: Ծառուկյանի գլխավորած ուժից, սակայն, չեն շտապում ընդունել իշխանության առաջարկը: Նաիրա Զոհրաբյանն այսօր պնդեց՝ արտահերթին կողմ են, բայց կարծում է՝ Փաշինյանն այլևս չի կարող ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։
Երեկվա հանրահավաքին ինչ-որ մարդկանց տեղափոխում կազմակերպվել է, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ. Քաղաքացիական պայմանագրի համակիրներին ոտիկանության, ՊՆ կամ ԱԺ ավտոբունսերը չեն բերել Երևան՝ Զոհրաբյանին հակադարձում է խորհրդարանի փոխնախագահը։
Արտահերթի կազմակերպման հուշագիր ստորագրելու՝ Բարգավաճից եկող մերժումների մասին էլ Սիմոնյանն ասում է՝ կասկածում է ԲՀԿ-ական պատգամավորների այսօրվա տեսակետը կուսակցության վերջնական որոշումը չէ։
Զուգահեռ քննարկելու են Փաշինյանի՝ երեկ օրակարգ բերած մյուս թեման՝ կիսանախագահական կառավարման տարբերակին վերադառնալու հնարավորությունը։ Խորհրդարանական մոդելը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, բայց այդ հարցում պետք է լսել բոլորի կարծիքը ՝նկատում է ԱԺ փոխնախագահը։
Կիսանախագահական երկիր դառնալուն կողմ են նաեւ Լուսավորում, բայց կարծում են, այդ լավ գաղափարն այս իշխանությունը կտապալի, քանի որ նախատեսված կողմ քվեները հավաքել չի կարող։ Սահմանադրության համաձայն, հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Այսօրվա լարված իրավիճակն առանց ընտրությունների չի հանդարտվելու, օր առաջ է պետք գնալ դրանց՝ առանց մոդելի փոփոխության։
Թե ինչ կորոշվեն, պարզ կլինի վարչապետի հետ բանակցության ընթացքում։ Փոխզիջումների գնալ Լուսավորում պատրաստ են, Բարգավաճում էլ այս պահին դեռ պատրաստ են Հայրենիքի փրկության շարժման հետ մնալ վրաններում, շարունակել անհնազանդության ակցիաները։