Տիգրան Մեծի պողոտայի մայթեզրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, պաստառապատ է: Առաջիկայում մայթին կանգնած կլինեն մոտ մեկ տասնյակ տաղավարներ:
Քաղաքապետարանը անցած տարի մրցույթ է հայտարարել, հաղթողը պարտավորվել է բարեկարգել Տիգրան Մեծի 19/1 հասցեում գտնվող հողամասի հարակից տարածքները: Հենց այդ հարակից տարածքում կկառուցվեն բաց տաղավարները: Նախագիծը իրականացնելու համար մրցույթը հաղթած «Միրաժ 2020» ընկերությունը 30 մլն դրամ կներդնի: Բացի այդ, հաղթողը պարտավորվում է նաև 60 հազար դոլարի ներդրում ուղղել Երևանի զարգացմանը կամ Օղակաձև այգու 6-րդ հատվածի բարեկարգմանը:
Իոսիֆ Կուբատյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ) - Բացի այդ, հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորություն է ստանձնել հողամասի 10-30 տոկոսը տրամադրել փողոցի առևտրականներին՝ անհատույց օգտագործման համար: Կառուցվելու են այսպես բաց տաղավարներ՝ վերնիսաժի նման, որտեղ հուշանվերներ ա վաճառվելու, և այդ հատվածը կանոնակարգվելու ա, որ մարդիկ մայթին, փողոցում չվաճառեն:
Կառուցապատման իրավունքի ժամկետը 5 տարի է, տարեկան վճարը՝ 1.8 մլն դրամ: Պայմանագրում հատուկ նշված է՝ տրամադրվող հողամասի և նրանում կառուցված շենք-շինությունների սեփականատերը Երևան համայնքն է:
Իոսիֆ Կուբատյան - Ընդեղ քանի որ մայթը շատ լայն ա, մարդկանց անցուդարձը չի տուժելու, ու, ըստ էության, այդ մասը կկանոնակարգվի, կսիրունանա, կդառնա նորմալ հուշանվերների վաճառքի տեղ:
Մայթը քայլելու համար է, ինչքան լայն, այնքան լավ՝ հակադարձում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Քաղաքապետարանի այս քայլն էլ բնորոշում է՝ մայթի զավթում:
Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար) - Հիմա ամեն տեղ տաղավար դնելով չէ: Էդպես եկեք գնանք Հանրապետության հրապարակ, բավականին լայն մայթեր կան, 1 ամիս էլ վրան տեղադրվեց, ինչ եղավ: Դե եկեք էդ հատվածում ամբողջությամբ տաղավարներ կառուցենք: Ես կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում չէ:
Եթե քաղաքի տարբեր հատվածներում մայթերն ազատվում են, այս հատվածը բացառություն չպետք է լինի՝ պնդում է Խաժակյանը: Հիշում է 2012-ը՝ երբ տաղավարներից մաքրվեց Աբովյան փողոցը, նաև նախորդ 2 տարիների ակտիվ ապամոնտաժումները: Սա հետնահանջ է՝ պնդում է Խաժակյանը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը հորդորում է իրողությունները տարբերակել:
Իոսիֆ Կուբատյան - Առաջին հերթին ապամոնտաժվում էին այն կրպակներն ու տաղավարները, որոնք որևիցե օրինական հիմք չունեին, այսինքն՝ բացառապես ապօրինի էին տեղադրված: Հետո, ապամոնտաժվել են որոշ դեպքերում այն բաները, որոնք մայթին տեղադրված՝ խոչընդոտում էին մարդկանց երթևեկը: Տվյալ դեպքում մարդկանց երթևեկը չի խոչընդոտվում, կառուցապատողը ստանձնել է մեծ պարտավորություններ համայնքի նկատմամբ, վաճառականները, որ այսպես թե այնպես եկեղեցու դիմաց ինչ-որ բաներ վաճառում էին, հիմա կվաճառեն ավելի լավ պայմաններում:
Դավիթ Խաժակյան - Հուշանվերների համար մենք ունենք քաղաքում բազմաթիվ այլ հատվածներ, որտեղ եթե տեղը չի հերիքում, կարելի է ընդլայնել, բայց ցանկացած տնտեսվարման գործունեություն, համոզված եմ, որ պետք է լինի մայթերից զերծ:
Խնդիրներ չեն կարող լինել, քաղաքապետարանում ուսումնասիրել, նոր են մրցույթ հայտարարել՝ վստահեցնում է Իոսիֆ Կուբատյանը: Այս ամենին հակառակ Խաժակյանն էլ վստահ է՝ առևտուրը սկսելուց հետո փողոցի այս հատվածում մարդկային խցանումներ են լինելու:
Դավիթ Խաժակյան - Այնտեղ, որտեղ անօրինական կերպով են նման բաներ արվում, անգամ դա չի կանխվում: Հիմա, երբ իրենք են թույլատրել անել, անում են թող անեն, ի վերջո, ոչինչ քարի վրա գրված չէ, բայց հերթական վնասն են հասցնում քաղաքին և քաղաքի տեսքին:
Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատման իրավունքի ժամկետը 5 տարի է, և, ըստ պայմանագրի, ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չերկարաձգելու դեպքում կառուցապատողը պարտավոր կլինի տաղավարները ապամոնտաժել, տարածքը բերել նախկին տեսքի և հանձնել համայնքին: