Իմ պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում դադարեցվել է երկու դատավորի լիազորություն: Այդ մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածության քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:
Մակունցը նաև հետաքրքրվեց՝ արդյոք դա բավարա՞ր է հանրության վստահությունը դատարանների նկատմամբ վերականգնելու համար, Վարդազարյանը պատասխանեց. «Գուցե բավարար է, գուցե բավարար չէ, չեմ կարող պատասխանել, սակայն նշեմ, որ ԲԴԽ-ն չի նախաձեռնում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ, ԲԴԽ-ն քննում է այն կարգապահական վարույթները, որոնք ներկայացվում են ԲԴԽ՝ արդարադատության նախարարության, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հարցերի հանձնաժողովի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Եկած վարույթներից այդ երկուսն են եղել, որի դեպքում դատավորի կողմից խախտումը համատեղելի չի եղել դատավորի պաշտոնավարման հետ, և լիազորությունները դադարեցվել են»,- ասաց ԲԴԽ նախագահը: