Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում են մարդասիրական օգնություն:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 13 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 12 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 32 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24994 պայթյունավտանգ առարկա: