Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այսօրվա գործողությունները միտված են դատական նիստը ձգձգելուն, և այս վարքագիծը մենք վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ խոսելով այսօրվա դատական նիստի հետաձգման մասին:
Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի ներկա չլինելու պատճառով: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ:
«Սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը՝ թույլ չտալով, որ նրանք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով: Փաստարկը, որ քրեական գործը մեծ է, ճիշտ չէ, մեծ քրեական գործ մենք չենք տեսել, և հետո՝ ի՞նչ կապ ունի գործի ծավալը դատական նիստին չներկայանալու հետ»,- ասաց դատախազը: