Երկու տարվա ընթացքում հանրային մեծ արձագանք ունեցող մի շարք գործեր հասան դատարան:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և իր նախկին երկու ենթակաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու, իսկ մյուսը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կազմակերպելու համար:
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն էլ մեղադրվում է 2018-ի ապրիլին լիազորությունները չարաշահելով՝ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու համար:
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված աղմկահարույց գործերը կարելի է դեռ երկար թվել: Փոխվում են մեղսագրվող արարքները, բայց չի փոխվում այսպես ասած՝ բռնել-բաց թողնելու պրակտիկան: Ամբաստանյալների մեծ մասին դատարանը չի կալանավորում և ոչ մի գործով չկա դատարանի որոշում:
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Հանրային լայն արձագանք գտած գործերի մի մասը դատարան է ուղարկվել անցած տարվա ընթացքում և հատկապես այս գործերի պարագայում է, որ նման խնդիրներ ունենք, օբյեկտիվ պատճառ է նաև կորոնավիրուսը: Գործ ունենք անգամ, երբ դատարանն ասում է՝ նման հիմքով նիստերն այլևս չենք հետաձգելու, իսկ հետո նորից հետաձգում են:
20 տարի շարունակ մեկ վայրից ու հստակ հրահանգներով գործած դատական համակարգից այլ բան չի էլ ակնկալում փաստաբան Տիգրան Եգորյանը: Աղմկահարույց մի շարք գործերով հայտնի փաստաբանը պնդում է՝ դատական համակարգը ոչ միայն խոչընդոտում, այլև որոշ դեպքերում անգամ փորձում է ձախողել արդարադատության իրականացումը:
Տիգրան Եգորյան, Փաստաբան - էտպես չի, որովհետև այդտեղ ներգրավված պաշտոնյաները դեռ նախորդող 20 տարիների ընթացքում ձևավորել են արատավոր կապեր, տարբեր կլաների ինտեգրման, կոռուպցիոն տարբեր գործարքների չեն կարող պահի ազդեցությամբ փոխվել, հակազդել ժողովրդավարական պրոցեսներին:
Դատական համակարգում խոչընդոտներ է տեսնում նաև Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանն ասում է՝ դատավորների նկատմամբ չկա հանրային վստահություն: Օրինակ բերում՝ նոյեմբերի 10-ին Կառավարություն մտած անհնազանդություն իրականացնող քաղաքացիների վերաբերյալ կայացված որոշումները:
Դատական համակարգն այսօր հնի ու նորի արանքում չի կողմնորոշվում ինչպես դրևորվել՝ նշում է փաստաբան Եգորյանը: Պնդում, դա միայն հանրային հնչեղություն ունեցող գործերին չի վերաբերվում, ընդհանրապես համակարգը դանդաղել է, իսկ հստակ գործերի դեպքում գրեթե կանգնել:
Մեկ շաբաթից մյուս շաբաթ, ամսից ամիս. գործերը հետաձգվում են, վճիռներն ուշանում. դատական գործընթացը դիտավորությամբ երկարաձգելու միտում դատախազությունը արձանագրում է, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է՝ եղել է դեպք, երբ գործը քննող դատավորի նկատմամբ անգամ կարգապահական վարույթ է հարուցվել:
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի դատական քննությունների ընթացքը բնականոն հունով շարունակվի մարդիկ, ի վերջո, տեսնեն, թե ինչ մեղադրանքներ են առաջադրված, ինչքանով են այդ մեղադրանքները հիմնավոր:
Ձգձգման օբյեկտիվ պատճառը, որ առանձնացնում են դատախազության ներկայացուցիչն ու փաստաբանը, ծանրաբեռնվածությունն է: Արդարադատության նախարարն ասում է՝ մասնագիտական դատարանների ներդմմամբ կլուծեն ծանրաբեռնվածության հարցը, քայլեր են ձեռնարկում նաեւ դատավորների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ռուստամ Բադասյան, ՀՀ արդարատադության նախարար - Կստուգվի դատավորների թեկնածուների բարեվարքությունը, ինչը կարծում եմ՝ լրացուցիչ խթան է, որ որևէ դեպքում չհանդուրժվի դատական նիստերի դահլիճում իրավունքի չարաշահման դրսևորումները և պատշաճ կարգով դատավարություններ ընթանան:
Բարեվարքության ստուգման գործընթացն էլ ընդգրկուն է. դատավորների և դատավորների թեկնածուների, նրանց ընտանիքի անդամների գույքային դրության, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու վերաբերյալ տվյալների ստուգում է ենթադրում: Պաշտոն զբաղեցնող անձանց հետո դատավորի կապերը՝ ազգականից, մինչև քավոր-սանիկ ու խնամի կարող է քննարկման առարկա դառնալ և պաշտոնից զրկվելու հիմք: