Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորել են ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ:
Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: