Տիկին Զոհրաբյանը, վստահ եմ՝ շատ լավ գիտի՝ հանրապետականներն ինչե՛ր են արել: Ինչ վերաբերում է երեկվա միջոցառման հետ կապված նման մեղադրանքներին, գիտեք՝ կարելի է նման մեղադրանքներ անել. ընդդիմությանը ասել՝ բերում է իր աշխատողներին, իշխանությանը կարելի է մեղադրել, ասել, որ պետական ռեսուրս է ծախսում, միևնույն ժամանակ ասել՝ պետությունը չի կարողանում կառավարել, բայց երբ հրապարակում ժողովուրդը միասնական վանկարկում է՝ «Նիկոլ վարչապետ», երբ միասնական լույս են վառում, երբ մասնակցում են միտինգի, խոսել, որ, օրինակ՝ ՔՊ գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումը Ա կետից Բ կետ, դա անվանել վարչական ռեսուրսների օգտագործում, դա անլուրջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ իշխանության կողմից «վարչական աննախադեպ ռեսուրսի կիրառման» մասին պնդումները:
«Այո՛, կազմակերպվել է ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում, կլինի միայն այն պարագայում, երբ որ Ազգային ժողովի կամ ոստիկանության կամ ՊՆ-ի ավտոբուսը ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու: Եվ վերջիվերջո, ՀՀ-ում բոլոր տեսակի հարցումներով, ՔՊ-ն և վարչապետն ունեն տասնապատիկ ավելի վարկանիշ, քան հայտարարված ընդդիմությունը՝ բոլորն իրար հետ վերցրած»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հրապարակված ձայնագրություններին՝ ասաց՝ գիտեք՝ դրանց տրամաբանությունը կարելի է փոխել: