Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը։