ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ «Ալ Արաբիա» հեռուստատեսության եթերում քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։
«Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին՝
- Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը.
- Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով.
- ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով՝ համաձայն ՀՀ Սահմանադրության.
- Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի.
- Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները.
- Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին»,- գրել է նախարարը: