Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել:
«Հիմնական բովանդակային փոփոխությունն այն է, որ կատարվեց պետական օժանդակության վերաբերյալ դրույթում. եթե չթույլատրված պետական օժանդակություն է տեղի ունեցել, ենթակա է վերադարձման միայն անհատապես որոշվող գույքը: Ուստի եթե պետության կողմից սխալ որոշում է կայացվել, որևէ տնտեսվարող սուբյեկտ դրա համար չպետք է լրացուցիչ պատասխանատվություն կրի»,- նշեց Գևորգյանը:
Բանակցային ուժեղ դիրքում փոփոխություն է կատարվել, որ օրենքով չորս առևտրային ցանցերի շրջանառությունը 1.5 միլիարդ դրամից դառնա 3 միլիարդ դրամ:
Տնտեսվարողների կյանքում օրենքի ընդունմամբ ի՞նչ փոփոխություններ կլինեն հարցին՝ Գևորգյանը նշեց, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, որը անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի: