29 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առաջ բարձրացվեց հայոց եռագույնը:
1992 թ. հունվարի 23-ին իր 3035-րդ նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ելնելով իր օրակարգից և գործող ընթացակարգի 59-րդ կետից, ուսումնասիրման և զեկույցի պատրաստման նպատակով, որոշեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի քննարկմանը հանձնել Հայաստանի Հանրապետության դիմումը:
1992 թ. հունվարի 29-ին իր 3041-րդ նիստի ժամանակ Խորհուրդը քննարկեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ` Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցության խնդրանքով:
Արդեն 1992 թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի նիստում որոշվեց՝ ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի մեջ:
Ընդհանուր վեհաժողովի 82-րդ լիագումար նիստի A/RES/46/227 բանաձևը
2 մարտի 1992 թ.
Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՄԱԿ-ին
Ընդհանուր վեհաժողովը`
ստանալով 1992 թ. հունվարի 29-ի Անվտանգության խորհրդի հանձնարարությունը Հայաստանի Հանրապետությանը անդամագրել Միավորված ազգերի կազմակերպությանը,
քննելով Հայաստանի Հանրապետության դիմումը անդամակցելու մասին,
որոշում է`
ընդունել Հայաստանի Հանրապետությանը Միավորված ազգերի կազմակերպության մեջ»,- նշված է ՄԱԿ-ի որոշման մեջ: