Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին ու դրան հետևող երթին մասնակցելու համար ներկա են նաև 2008-ի մարտի 1-ին սպանված Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի և Սամվել Հարությունյանի ծնողները:
«Լուրեր»-ի հետ զրույցում Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց՝ երկու տարի է, ինչ մասնակցում են դատական նիստերին ու լսում են պաշտպանվող կողմի միջնորդությունները այս կամ այն հարցի շուրջ, սակայն բուն գործին հերթը չի հասնում:
«Մենք եկանք եզրահանգման, որ ժամանակավոր դադարեցնում ենք մեր մասնակցությունը դատական նիստերին, երբ կմտնենք դատական փուլ, այն ժամանակ կմասնակցենք: Որովհետև 8 փաստաբան ներկայացնում են տարբեր, մոտ 50 միջնորդություն: Անհիմն է այստեղ մեր մասնակցությունը. Ալումյանը դասախոսություն կարդա, մենք նստենք, ուշադիր լսե՞նք: Ժամանակավոր դադարեցրինք, սպասում ենք հետագա զարգացումներին»,- նշեց Քլոյանը՝ հույս հայտնելով, որ դատական նիստը կավարտվի դատական ակտով, և մեղավորները խստագույնս կպատժվեն:
Ես վստահում եմ, որովհետև մենք ունենք լեգիտիմ իշխանություն և ինչո՞ւ չպետք է կարողանանք մեղավորներին դատապարտել՝ ընդգծեց Քլոյանը: