Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց, որ առաջին հերթին պետք է լուծվեն մեր անհետ կորածների ու գերեվարվածների հարցերը, բայց դրանց հրապարակային քննարկումները, ըստ վարչապետի, նպատակահարմար չեն:
«Նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց ես չեմ ուզում մանրամասնել: Ուղղակի ուզում եմ, որ մեր գերեվարված ու անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել, որ իսկապես ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, և հավատացեք՝ մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը»,- ասաց վարչապետը:
Հանուն մեր նահատակների՝ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը և դրանով քաղաքական որևէ հարց լուծելը պետք է բացառվեն, մենք Հայաստանի ներսում թշնամի չենք ունեցել և չենք ունենալու՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե մեր երկրում օրինականություն չի հաստատվելու:
«Բայց ՀՀ-ում օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ժողովրդական կամքով իրար հետ օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և ԶՈՒ քաղաքականացումը: Մենք դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաև դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու Կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան:
Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել՝ ոչ: Եվ ճշմարտությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր էսօր ուզում են տանկերով ժողովրդին տրորել, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են, և այդ մարդիկ այլևս երբեք Հայաստանում իշխանություն չեն լինելու, որովհետև Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայն ու միայն, բացառապես ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը՝ առաջարկելով այսօրվա հանրահավաքն ավարտել երթով:
«Ամենակարևորը՝ հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց՝ տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդը անհաղթահարելի ուժ է, ժողովուրդը հզոր է, ժողովուրդը հպարտ է, ու ժողովուրդը հաղթելու է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: