Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը 2008-ի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ոչ թե կռահում է, այլ հիմնավորված հանգամանք: Այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ զինվորականների վրա իր ազդեցությունն օգտագործելով՝ փորձել նրանց դրդել ելնել ժողովրդի դեմ: Ուզում եմ ասել, որ ԳՇ հայտարարությունն ապօրինի է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն արձանագրում է, որ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն, սակայն այսօր Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում և խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր դեռ 2018-ի ապրիլի 23-ին՝ կոչ անելով զինծառայողներին վերադառնալ զինծառայության: «Այսօր քաղաքական ուժերը դրդում են բանակին տանկերը հանել ժողովրդի դեմ: Դա տեղի չի ունենա: Բանակի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից: Նման ԳՇ պետ, որն անում է քաղաքական հայտարարություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, որոնք ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն չի կարող ունենալ:
Մյուս կողմից՝ այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա: Այս պահի դրությամբ զինուժը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի, բայց, անխուսափելիորեն, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, անկախ նրանից՝ ով է ստորագրել այդ փաստաթղթի տակ, այդ փաստաթուղթը սեղանին ստորագրելու է դրել և այն հրապարակել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի հրամանով: Իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները վերադառնան իրենց ծառայության:
Որոշ շրջանակներ բանակի զինվորներին ներշնչել են, որ բանակին դարձնում են քավության նոխազ, Կառավարությունն ուզում է մեր զինվորականներին կալանավորել, դատել: Մոտ 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են: Նրանք սա արել են ընդամենը մի քանի մեղավորների բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար: Իմ հայտարարությունները դե յուրե չընդունել. ես քաղաքական գնահատական եմ տալիս. դա արվել է մի քանի վախկոտների հերոսների թիկունքում թաքցնելու համար: Մենք գիտենք՝ ովքեր են վախկոտները, և ովքեր են հերոսները: Ձեզ չի հաջողվի ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել:
Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու կատարել ես ոչ թե քո ղեկավարի, այլ ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում և նվաստացում է»,- հայտարարեց Փաշինյանը: