2008-ի փետրվարի 19-ը. ամբողջ օրվա ընթացքում ահազանգեր են հնչում զանգվածային կեղծիքների, խախտումների ու օրինազանցությունների մասին, մինչդեռ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթում է Սերժ Սարգսյանը՝ 52,83 տոկոս ձայներով:
Փետրվարի 20-ին հավաքներ են սկսվում Մատենադարանին հարող տարածքում, որը տեղափոխվում է Ազատության հրապարակ և վերածվում շուրջօրյա հանրահավաքների։
Փետրվարի 29-ին, երբ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ էին, Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում 4 տարբերակ է առաջ քաշում, որոնցից և ոչ մեկով ըննդիմության պահանջը չէր կատարվում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը հարձակվում է ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների վրա: Հայտարարում են, թե օպերատիվ տեղեկություն ունեն Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման և Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին։
Ավելի ուշ քաղաքացիներն սկսում են հավաքվել Մյասնիկյանի արձանի հարող տարածքում: Հավաքի վայրին են մոտենում ոստիկանական նորանոր զորքեր և զրահամեքենաներ։ Քաղաքացիները, պաշտպանվելու նպատակով, տրոլեյբուսներով բարիկադներ են կառուցում։
Ժամեր անց ոստիկանությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցով գրոհ է սկսում: Հավաքի մերձակայքից՝ Պարոնյան, Լեո փողոցներում ու Մաշտոցի պողոտայում, լսվում են կրակոցներ: Քաղաքացիների դեմ օգտագործվում են մարտական փամփուշտներ, ավելի ուշ հայտնի է դառնում՝ գործել է դիպուկահար։
Զինված ուժերը զրահամեքենաներով խիստ հսկողության ներքո են վերցնում Կառավարության ու մերձակա պետական շենքերը։ Անտեսելով սահմանադրական արգելքը՝ բանակի ստորաբաժանումները հայտնվում են իրադարձությունների վայրում:
Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարում է արտակարգ դրություն՝ հիմնավորելով, թե ցուցարարները կրակում են: Ոստիկանությունը կիրառում է արգելված հատուկ միջոցներ: Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվում է տասը քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան: