Կրունկները՝ Իտալիայից, պատրաստման դիզայնն ու հմտությունները՝ Հայաստանից, հատուկ ռուսական ոտքին ու ճաշակին հաճո կարված 450 մոդելի հայկական կոշիկ «Պատրաստված է Հայաստանում» մի տաղավարի ներքո ներկայացվել է «Իզմայլովո շուզ-2021» ցուցահանդեսին: Ռուսական մեծ շուկային հետաքրքրել է հիմնականում հայկական ինքնատիպ կանացի կոշիկը, որն այս տարի Մոսկվա է բերել չորս արտադրող։ Եվս մեկ ընկերություն, որն արդեն ճանաչված է եվրոպական գնորդի կողմից, տղամարդու կոշիկների տեսականիով կփորձի գրավել ռուս հաճախորդի ուշադրությունը և, ինչու ոչ, նաև մրցակցել տեղական բազմազան արտադրողների հետ:
Կարեն Թարվերդյան (կոշիկ արտադրող) - Արդեն փորձառու մասնակիցներից ենք այս ցուցահանդեսի, ամեն տարի աճը զգացվում է, մարդիկ սկսում են սիրել հայկականը, որովհետև եթե սկզբից պատվերները քիչ էին, ապա հիմա քանակը մեծացել է՝ կապված վաճառքի տեմպերի հետ:
«Իզմայլովո շուզ-2021»-ին այս տարի մասնակցել է ավելի քան 250 արտադրող ընկերության կոշիկի և կաշվե աքսեսուարների լայն տեսականի, հիմնականում Ռուսաստանի մարզերից, որոնք նաև ներկայացրել են միջազգային տարբեր ընկերություններ: Ցուցահանդեսի ընթացքում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի մասնագետները հայկական արտադրողներին օգնել են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ հավանական գնորդների ու պատվիրատուների հետ։
Գևորգ Պետրոսյան (ՄԱԱԶԿ ծրագրի՝ կոշիկի և կաշվի արտադրության ազգային փորձագետ) - Հայկական կոշիկը, հայ արտադրողին սկսել են ճանաչել, կորոնավիրուսի ժամանակ էլ վատ ցուցանիշներ չեն եղել, ահագին պատվերներ ստացել են: Իհարկե, մեր արտադրողները մեծաքանակ շուկայի համար չեն, բայց ձգտում ենք նրան, որ միշտ ապահովվենք պատվերներով»:
Եթե Հայաստանում կարված կոշիկը նախկինում փոքր տաղավարում էր ներկայացվում, ապա այսօր այն իր տեղն է գտել լավագույն արտադրողների մեծ սրահում:
Գևորգ Պետրոսյան - Այս տարի ինչով էր լավ. նոր տեղ գալը կարևոր էր, քանի որ նոր հաճախորդներ ունեցանք: Նրանց համար անսպասելի է, որ Հայաստանից սկսել է այս որակի կոշիկ գալ, անցնելուց էլ միանգամից ոճային տարբերվում ենք»:
Կաշին, կաղապարն ու մնացած հումքը ներկրում են: Շուտով հրաժարվելու են Թուրքական հումքից՝ հաշվի առնելով ներկրման արգելքը։ Ֆինանսապես որոշակի կտուժեն, բայց այլընտրանքն արդեն գտել են։ Թուրքականը փոխարինելու են ռուսականով, հումքի ներկրման պայմանագրեր արդեն կնքել են: