ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:
«Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Էդմոն Մարուքյանը երեկ նաև առաջարկել էր նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին։ Իսկ դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
Անդրադառնալով Մարուքյանի այդ առաջարկին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, թե այն քննարկման ենթակա չէ: «Կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Տեղի է ունեցել Սահմանադրության խախտում»,- նշեց Մակունցը: