Սպիտակ տունը հիասթափված է, որ Իրանը հրաժարվում է մասնակցել միջուկային գործարքի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարին:
Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, հայտարարել է, թե պատրաստ է վերսկսել «գործարքի շրջանակներում կառուցողական դիվանագիտությունը՝ ապահովելու երկկողմ վերադարձը պայմանավորվածություններին: Մենք խորհրդակցելու ենք մեր P5+1 գործընկերների հետ առաջընթացի լավագույն ճանապարհը գտնելու համար»՝ ասել է աղբյուրը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Իրանը մերժել է Եվրամիության առաջարկը Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի շուրջ ուղղակի բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ: Ըստ արևմտյան դիվանագետների՝ Իրանը ցանկանում է նախապես երաշխիքներ ստանալ, որ հանդիպումից հետո Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցների մի մասը:
Դրանից առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու հնարավորությունը, որոնք մտցվել էին նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:
Իրանի վերաբերյալ JCPOA (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր) պայմանագիրը կնքվել է 2015-ի ամռանը՝ Թեհրանի և վեց միջնորդ երկրների միջև: 2018-ի մայիսի սկզբին Թրամփը հայտարարեց գործարքից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերսկսելու մասին: Իրանը JCPOA-ի համաձայնագրերից հրաժարվելու մասին հայտարարեց 2020 թվականի հունվարին: