Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությամբ:
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն: Նախարար Աշոտ Բախշիյանը գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների շնորհել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:
Նախարարի խոսքով՝ պարգևատրությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 2-րդ կիրակի օրը, որն ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր, սակայն, հայտնի պատճառով, նախատեսված արարողությունը հետաձգվել է:
Նույն օրը, պարգևների ու նվերների հանձնումից հետո, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ:
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են:
Բոլորիդ մաղթում եմ՝ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքը ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:
Փետրվարի 24-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: