Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի հանդիսատեսի գնահատմանը կներկայացնի նվազագույնը 5 նոր բեմադրություն, որից 2-ի առաջնախաղը տեղի կունենա մինչև ապրիլի վերջ:
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ընդգծում է՝ չնայած նախորդ տարին թատրոնի համար լավագույնը չէր, բայց հենց համավարակի ընթացքում ստեղծվել է 3 նոր ներկայացում, և մշակվել են ներկայացումների նոր՝ բացօթյա և օնլայն ձևաչափերը:
Մարտի 1-ից թատրոնը վերսկսում է երեկոյան ներկայացումները. 18 բեմադրություն ունեն խաղացանկում, և դրանցից վերջինի՝ «Քեյսի» պրեմիերան նախատեսված է մարտի 7-ին:
Թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր, փորձարարական բեմն արդեն հաջողությամբ ներկայացրել է «Անասնաֆերման» և «Երկնագույն շան աչքերը» բեմադրությունները: Այժմ փոքր բեմը տրամադրվել է ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանին՝ «Քայլեր» նոր ներկայացման համար:
Թատրոնն ակտիվ աշխատում է նաև հրավիրյալ ռեժիսորների հետ. այս թատերաշրջանի ընթացքում «Աճեմյան» թատրոնում իրենց նոր ներկայացումները կբեմադրեն Նարինե Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Արշալույս Հարությունյանը և նախորդ տարի սկսածը կավարտի Վահե Շահվերդյանը: