Իրանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Թեհրանի մասնակցությունը Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակմանը: ТАСС-ի տեղեկացմամաբ՝ այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքները, այլ նաև վերահսկում ենք Իրանի անվտանգության դեմ ուղղված՝ Իսրայելի բոլոր գործողությունները»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «տարածաշրջանում անկայունության և անապահովության հիմնական պատճառը Իսրայելի ռեժիմն է»:
Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական Helios Ray նավի վրա հարձակման համար, տուժածներ չկան: Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ դա իրանական գործողություն էր»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նա վստահեցրել է ամերիկյան առաջնորդին, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք՝ «գործարքով կամ առանց գործարքի»: