Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց օրհներգով ու մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև 13 տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակը:
«Գիտեմ՝ ամենատարբեր տեղերից սկսվել են շահարկումներ, թե այս հրապարակում, այսպես ասած, բերված մարդիկ են: Այդ փաստին անդրադառնալու մի ձև կա, այդ հարցին պատասխանելու մի ձև կա՝ հրապարակի հավաքականությունը՝ առաջին շարքից մինչև վերջին շարքը, մարդիկ ինչպես են մասնակցում ու հաղորդակցվում հարթակի հետ: Պիտի ցույց տանք, որ ինչպես եղել ենք, այնպես էլ կանք ու կլինենք միասին որպես ՀՀ հպարտ, հաղթական, լավատես ու դուխով քաղաքացիներ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ այս տարի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում. Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներով, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ անհետ կորածների հանգամանքը, բռնության քարոզը, ԶՈՒ-ը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ, որոնք ունեն անվտանգային, տարածաշրջանային, արտաքին քաղաքական, ներքաղաքական բնույթ, և դրանց կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան:
«Հիմա հասել ենք մի կետի, որ սպառում ենք մեր սխալվելու հնարավորությունները: Մեր անկախության 30 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էին տեսականորեն ու գործնականում: Վերջին 2 տարի և 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ մեր կառավարությանը. խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ուզում եմ ձեզնից բոլորից՝ ՀՀ քաղաքացիներից, ԱՀ քաղաքացիներից, Սփյուռքի հայերից, ներողություն խնդրել:
Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է՝ ինչու ենք մենք սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության, երբեմն՝ իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել ստեղծել ընտրություն, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունը այնքան արմատացած է, այնքան խոր, որ ընտրությունը անբեկանելի է ու անշրջելի, և լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, սխալներ գործել է ոչ միայն այս իշխանությունը, և ներողություն խնդրեց երրորդ Հանրապետության բոլոր իշխանությունների անունից:
Բայց մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, երբեք չենք հանձնվի հանուն ազատ ու երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում, կունենանք այնքան կամք ու հաստատակամություն, այնքան սեր ու վճռականություն, որ հետևողականորեն կաշխատենք, հետևություններ կանենք անկախությունից ի վեր արած մեր սխալներից: Ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլև առավելը կանենք այդ ջանքերը արդյունավետ դարձնելու համար՝ նշեց Կառավարության ղեկավարը:
Խոսում ենք սխալներից, բայց չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել՝ նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր մեծագույն խոստումը պիտի լինի այդ նվաճումները պահպանելն ու պաշտպանելը:
«Այդ նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը: Եվ այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը՝ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ: Ժողովրդի՝ իշխանություն ձևավորելու իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը՝ ավելի պիտի ուժեղանա: Այսինքն՝ ՀՀ-ում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով լինի և ով չլինի իշխանություն:
Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է: Ժողովրդի իշխանությունը իր ձեռքից ուզում են խլել, և մենք հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու: Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել, և դուք՝ ժողովուրդը՝ ՀՀ քաղաքացին, ինչպես եղել, այդպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն ՀՀ-ում: Կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգնած որպես առաջնորդ ժողովրդին դիմելիս, նա կարող է լինել միայն մեկը, ում ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ: Որևէ ուրիշ ճանապարհ իշխանության հասնելու մենք թույլ չենք տալու»,- ընդգծեց Փաշինյանը: