Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չի կարող դառնալ քաղաքական գործոն, իսկ նրա նշանակումը կամ ազատումը՝ քաղաքական պայմանավորվածության մաս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին այսպես է արձագանքում «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը:
Երեկ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հայտարարեց, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի աշխատակազմից ետ վերցնի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և վերանշանակի ԳՇ պետի առաջին տեղակալին, պատրաստ են թեկնածու չառաջադրելու մասին հուշագիր ստորագրել և վարչապետի հրաժարականի դեպքում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է փետրվարի 25-ի հանրահավաքին ամբիոնից վարչապետի արած հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանը կամ պետք է պաշտոնից ազատվելու դիմում գրի կամ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի նրա ազատման հրամանագիրը: Դրանից հետո միայն իշխանությունը քաղաքական ուժերի հետ կսկսի կոնսուլտացիաներ՝ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:
«Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը համարում է, որ Ռուբինյանի արձագանքն իշխանության պաշտոնական դիրքորոշումը չէ, ասում է՝ սպասելու է Փաշինյանի պատասխանին: Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը, ըստ Մարուքյանի, չի նպաստի լարվածության թուլացմանը: Պատգամավորը համաձայն չէ իշխանության ներկայացուցչի այն պնդման հետ, որ իր առաջարկով բանակը մասնակից է դառնում քաղաքական գործընթացներին:
Մարուքյանը հավաստիացրեց՝ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը: Վարչապետին քննարկումներ անցկացնելու առաջարկ արեց՝ հավելելով՝ այս իրավիճակում առավել կարևոր է իշխանության զիջումների գնալու պատրաստակամությունը: Իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ լծակները նրանց ձեռքում է:
Իշխող մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց՝ «Իմ քայլը» պատրաստ է գործնական քայլեր անել արտահերթ ընտրություններ անցկացնելու առնչությամբ։ Ինչ վերաբերում է Մարուքյանի այն առաջարկին, որ Փաշինյանը պետք է հետ վերցնի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը, Մակունցը նշեց՝ այդ հարցն անգամ քննարկման ենթակա չէ։