Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն ուժի մեջ է, «Լուսավոր Հայաստանն» իր դիրքորոշումը հայտնել է, մնում է լսել նաև «Բարգավաճ Հայաստանի» տեսակետը, և հարցը լուծված է: Այդ մասին երթի ընթացքում «Լուրեր»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե համաձայնություն լինի, ընտրությունները կանցկացվեն այս տարի:
Փաշինյանը վստահ է, որ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխիքը ժողովուրդը և Կառավարությունն են:
Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության այն հայտարարությանը, որ նրա հրաժարականի դեպքում է միայն հնարավոր անցկացնել ընտրություններ, վարչապետը պատասխանեց. «Սահմանադրությունը նախատեսում է՝ երկու անգամ պետք է վարչապետ չընտրվի, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Եթե ես հրաժարական եմ տալիս, մնում եմ պարտականություները կատարող, եթե այդ ընթացքում վարչապետ ընտրվի, ընտրություններ չեն լինի»:
Ինչ վերաբերում է երկրի կառավարման մոդելի փոփոխությանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ մասին խոսել է, քանի որ գործող Սահմանադրությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել:
«Անցումը կիսանախագահական կառավարման մոդելին առաջարկվող տարբերակներից մեկն է ընդամենը, ես ինքս դա չեմ նախաձեռնի, որպեսզի շահարկումներ չլինեն՝ ով գալիս է իրեն հարմար մոդել է առաջարկում, բայց նման դիսկուրս կա, և այն պետք է քննարկվի: Դա օրակարգային հարց է, որը պետք է դիտարկվի»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը: