Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կպահպանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Մենք հույս ենք դնում Հայաստանի ղեկավարների պատասխանատվության վրա. ինչպիսի իրադարձություններ էլ որ տեղի ունենան, պետք է շարունականություն լինի (Արցախի վերաբերյալ հայտարարության կատարման հարցում - խմբ.): Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա թույլ տալ չի կարելի,- նշել է Մատվիենկոն։
Նա հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագրի կնքումը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր իրադարձություն էր զինված հակամարտության զարգացումը և մարդկանց կորուստը կանխելու տեսանկյունից, և «դա Ռուսաստանի նախագահի անձնական ձեռքբերումն էր, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը»: