Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտել են ելույթները Կիևի միջազգային մրցաշարում, որը հայ ըմբիշների համար այս տարվա առաջին ստուգատեսն էր: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
35 երկրներից շուրջ 600 ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 3 բրոնզե:
Հունահռոմեական ոճի հավաքականից փայլուն է հանդես եկել Մալխաս Ամոյանը (72 կգ քաշային կարգ): 3 գոտեմարտերում տպավորիչ հաղթանակներից հետո Ամոյանը եզրափակչում մրցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկվաձեի հետ և ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթանակ տոնել:
Կարապետ Չալյանը, հանդես գալով իր համար ոչ սովորական՝ 82 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակներ է տոնել և պարտվել միայն եզրափակչում: Չեմպիոնական գոտեմարտում 3:5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեին՝ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ) էլ բրոնզե մեդալ են նվաճել: Ազատոճայիններից մեդալակիր է դարձել միայն Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:
Նշենք, որ մրցանակակիր դառնալու հնարավորություն է ունեցել նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), սակայն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ մասնակցել մեդալային պայքարին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի հավաքականը՝ 8-րդ:
Հավելենք, որ այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարին, որը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Առայժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: