Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:
Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:
Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության և համերաշխության:
Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:
Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,- ասված է նախագահի ուղերձում: