Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների ու Մարտի 1-ի զոհերի հարազատների մասնակցությամբ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Այնուհետև ՀԱԿ անդամները, համակիրները Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարակից պուրակում՝ ի հիշատակ 13 տարի առաջ կատարված հետընտրական արյունալի իրադարձությունների զոհերի:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Մարտի 1-ի» գործով դատավարությանը, նաև մտահոգություն հայտնել, որ առ այսօր բացահայտված չեն սպանությունները:
Արամ Մանուկյանը դատական պրոցեսը որակել է թատերական ներկայացում: «Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ու երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ: Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում»,- ասել է նա՝ վստահեցնելով. «Մենք գոնե շահագրգիռ կողմ ենք, որ Մարտի 1-ը բացահայտվի»:
«Երկիրը կարող է Երկիրը կարող է գնալ հանգուցալուծման, կոնֆլիկտների լուծման միայն ու միայն քաղաքական ճանապարհով: Որևէ այլ ճանապարհ բացառվում է: Կոնգրեսի պասիվությունը կամ լռությունը հենց դրա հետ է կապված: Մեր այսօրվա լռությունը շատ ավելի խոսուն է, մենք զուսպ ենք և որևէ կողմ կողմ չենք բռնելու: Չենք նպաստելու լարվածության ուժեղացմանը, որովհետև պատերազմի վերքերը թարմ են: Գերիները կան, գերիներով էլ պետք է զբաղվել, սահմաններով և ընդհանրապես, բոլոր խնդիրներով»,- ասել է Մանուկյանը: