Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Պատարագին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը, նշեց, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։
Իր խոսքում Կ․Նազարյանը նաև նշեց, որ իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, ու, վեր հառնելով, շարունակեց հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։ «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի Պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծեց ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։
Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։