Սպիտակ տան տիրոջ փոփոխությունից հետո իրանա-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվել են դաշտ, որն այլ կեպ, քան «նյարդերի պայքար» անվանել հնարավոր չէ: Ընդ որում, հետաքրքիր է, որ սա այն քիչ դեպքերից է, երբ կողմերը, փաստացի, չունեն դաշնակիցներ: Միացյալ Նահանգների դեպքում, թերևս, միակ պետությունը, որն ամեն կերպ սատարում է Վաշինգտոնին, Իսրայելն է: Սակայն սա բոլորովին այլ պատմություն է, և դրա ակունքում ոչ թե իրանա-ամերիկյան հարաբերություններն, այլ Իրան-Իսրայել արդեն պատմական թշնամություն է:
Ստեղծված իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ երբ 2018 թվականին Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնագրից, դա, մեղմ ասած, վրդովեցրեց նախևառաջ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին: Բրյուսելն առանց ավելորդ ռևերանսների հայտարարեց, թե չի ցանկանում միանալ Իրանի դեմ նոր պատժամիջոցներին, քանի որ, նախ՝ Թեհրանը չի խախտել համաձայնագրի դրույթները, և, բացի դրանից, միակողմանիորեն խախտելով խաղի կանոնները, Վաշինգտոնն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ միայն ստանձնած պարտավորությունների, այլև եվրոպացի դաշնակիցների նկատմամբ: Գործը հասավ այնտեղ, որ Եվրամիությունը սկսեց քննարկել Իրանի հետ նոր վճարային համակարգ ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտար շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և շարունակել Իրանի և Եվրոպայի միջև բնականոն առևտրային հարաբերությունները:
Որ ամերիկյան կողմն այնքան էլ պատշաճ չի վարվել դաշնակիցների հետ, օրեր առաջ ընդունեց նաև պաշտոնական Վաշինգտոնը: Մասնավորապես, պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կայացած ճեպազրույցում նախ հայտարարել է, թե վերջին տարիներին Իրանի նկատմամբ ծայրահեղ ճնշումը հանգեցրել է տրամագծորեն հակառակ արդյունքի: Թեհրանը հիմա ուրանի հարստացման գործում շատ ավելի առաջ է գնացել, քան մինչ իրավիճակի սրումը: Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանն, ապա, ըստ Փրայսի, դրա համար անհրաժեշտ է... նաև ազնվություն: «Մենք այժմ ընտրել ենք այլ ուղի, որտեղ առաջնային են դաշնակիցների հետ իրատեսական, սկզբունքային և ազնիվ հարաբերությունները: Գործակցելով ու քննարկելով, աշխատելով համաձայնության մթնոլորտում, մենք դիվանագիտական այս փուլ մտնում եք ուժեղի դիրքերից և վստահ ենք, որ այդ դիրքավորումը հնարավորություն կտա հասնել մեր ռազմավարական նպատակին»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:
Ազնվություն Վաշինգտոնից պահանջում է նաև Իրանը: Համենայնդեպս, Թեհրանը բոլոր հնարավոր հարթակներից և առիթներով պնդում է, թե միջուկային ծրագրի շրջանակային համաձայնագրից դուրս գալու նախաձեռնությունը պատկանում է Միացյալ Նահանգներին և, հետևաբար, հենց Վաշինգտոնն էլ պիտի անի համաձայնագիրը վերակենդանացնելուն ուղղված առաջին քայլը. կրկին միանա համաձայնագրին՝ վերացնելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Հակառակ դեպքում Թեհրանը ոչ միայն չի պատրաստվում վերադառնալ համաձայնագրի կատարմանն, այլև սպառնում է անցնել հերթական ռուբիկոնը: Փետրվարի 26-ին Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարեց, որ եթե երկրի Մեջլիսը նման հանձնարարություն տա, ապա իրենք կարող են ուրանը 60 տոկոսով հարստացնել: Զուտ համեմատության կարգով նշենք, որ 2016-ին ստորագրված համաձայնագրով, Իրանը պարտավորվել էր ուրանը հարստացնել ոչ ավելի, քանի 3.67 տոկոսով:
Հասկանալի է, որ նման իրավիճակում դաշնակիցներ չունի ոչ միայն Վաշինգտոնն, այլև Թեհրանը: Համենայնդեպս, գոնե առերևույթ Իրանին այս հարցում չեն աջակցում ոչ միայն Վաշինգտոնից փոքր-ինչ վիրավորված եվրոպացիներն, այլև համաձայնագրի անդամ վեցյակի մյուս երկու առանցքային դերակատարները՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ հիմա բոլորը սպասում են, թե կողմերից ո՞ր մեկի նյարդերն առաջինը տեղի կտան և ո՞վ առաջինը, քայլ անելով դեպի ավելի խաղաղ ապագա, կհայտարարի շրջանակային համաձայնագրին վերստին միանալու մասին: Իսկ սրան զուգահեռ ամերիկյան օդուժը ռմբահարում է Սիրիայում Իրանի օժանդակությունը վայելող զինված ուժերի դիրքերը: Եվ դրան անմիջապես հետևում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյն Փսակիի մեկնաբանությունը՝ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրին, եթե առաջինը դա անի Թեհրանը: