Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը նոր խմորումների փուլում է: Այս մասին կարելի է ենթադրություն անել՝ մի պահ հայացքը թեքելով հայաստանյան ներքաղաքական կյանքից և փորձելով իրավիճակը գնահատել ռեալպոլիտիկի տեսանկյունից: Ընդ որում, հետաքրքիր է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ կարգավորմանն ուղղված ջանքերը «կարգախոսային» չեն, այսինքն՝ չունեն հրապարակային բնույթ, միջնորդները չեն խոսում կարգավորման համար բացվող կամ փակվող լուսամուտներից, իսկ հակամարտ կողմերը փորձում են նոր իրողության պայմաններում առավել բարենպաստ դիրքավորվել՝ պատրաստվելով առաջիկա դիվանագիտական մենամարտին:
Որ նման մենամարտ առաջիկայում լինելու է՝ կասկածի ենթակա չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առնվազն երկուսը՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, արդեն ուղղակի և անուղղակի ակնարկել են, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն՝ այն դեպքում, երբ ռուսական կողմն արդեն ուղիղ տեքստով հայտարարել է, թե Մոսկվան սպասում է, թե ե՞րբ կրկին կակտիվանան մյուս համանախագահները: Եվ հասկանալի է, որ մինչ այդ ակտիվացումը հենց այս պահին ընթանում են ներքին քննարկումներ, որոնց արդյունքում էլ պարզ կդառնա, թե ինչպիսի՞ն կլինի բանակցային գործընթացի հետագա ճակատագիրը:
Այդ առումով անհրաժեշտ է արձանագրել, որ վերջին շրջանում պաշտոնական Բաքվի և, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքները դարձել են բավական նյարդային: Տպավորություն է, որ Ալիևը կամ ինքն է հասկացել, կամ էլ նրան հասկացրել են, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերցրել է ավելին, քան կարող է մարսել: Դրա արդյունքում Ալիևը ցանկացած հնարավորություն օգտագործում է՝ պնդելու համար, թե Արցախի խնդիրն արդեն լուծված է, իսկ կարգավիճակի հարցը՝ հանված է օրակարգից: Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայից, Փարիզից ու Վաշինգտոնից հնչում են այս պնդմանը տրամագծորեն հակառակ տեսակետներ՝ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի շուրջ բանակցությունները դեռ առջևում են: Այս համապատկերում բավական հետաքրքիր էր ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հարցազրույցը «
Ռիա Նովոստի» գործակալությանը, քանի որ բավական ծավալուն հարցազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, փաստացի, մատնանշել էր այն կարմիր գծերը, որոնք հատելու տարբերակ Երևանը չի տեսնում:
Խոսքը, նախևառաջ և մասնավորապես, վերաբերում է Արցախի կարգավիճակին: Այվազյանը հայտարարել է, որ Արցախը որևէ ձևով կամ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Ընդ որում, հենց պատերազմն ու դրա հետևանքները մատնանշելով՝ Այվազյանը պնդել է, թե Արցախի «հանձնումը» Ադրբեջանին հանգեցնելու է արցախցիների ցեղասպանության: Երկրորդ էական շեշտը գերիների և պահվող անձանց ազատումն է, որը Երևանի համար անկյունաքարային խնդիր է: Ընդ որում՝ անկյունաքարային այնքան, որ արտգործնախարարն արդեն բաց տեքստով հայտարարում է՝ եթե գերիներն ու պահվող անձինք չվերադարձվեն, դա կնշանակի, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը, ինչը Հայաստանին թույլ է տալիս կասկածի տակ առնել նաև համաձայնության տեքստում տեղ գտած մյուս կետերի իրականացվելիությունը:
Սա, ըստ էության, ազդակ է, որ հայկական կողմն այլևս չի պատրաստվում բանակցել՝ բանակցելու երևութականություն ստեղծելու համար: Ընդ որում, սա չափազանց կարևոր հաստատագրում է հենց ռեալպոլիտիկի տրամաբանության մեջ, քանի որ, թվում էր, թե պատերազմի արդյունքների արձանագրումը գոնե առժամանակ Երևանին չպետք է տային կոշտ դիրքորոշումներով հանդես գալու հնարավորություն: Իսկ սա արդեն թույլ է տալիս ենթադրել, որ կուլիսներում ընթացող բանակցություններում հայկական կողմին լսել են: Ու՝ հասկացել: