Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը՝ «որ Հայաստանը մահացած է ու էլ ոտքի չի կանգնի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Բայց ես երեկ ասացի, որ, այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պիտի չենթարկվի Նիկոլ Փաշինյանի այն հրամանագրին, ըստ որի պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- նշեց Մանուկյանը:
Լրագրողների կոնկրետացնող հարցին՝ ինչ է նշանակում ընդվզումը, Մանուկյանը պարզաբանեց. «Ընդվզումը նշանակում է չենթարկվել անօրինական հրամանին»:
Մանուկյանի խոսքով՝ նախագահը ոչ մեկին ոչինչ չի խոստացել, բայց «ինքը կանխագուշակում է, որ անպայման առարկությունով հետ կուղարկի, որովհետև ուրիշ տարբերակ Հայաստանի համար գոյություն չունի»:
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Ազգային ժողովի շենքի մոտ: