Սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրելու թույլտվության նախագիծն արդեն խորհրդարանում է: Նախաձեռնության հեղինակներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանն ասում են, որ գյուղացիներն ավելի ինքնավստահ կլինեն, նաև՝ հետ կկանգնեն իրեն տները լքելու մտքից:
Արմեն Խաչատրյան («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Բնակիչները նշում են, որ նոր ի հայտ եկած իրողություններով պայմանավորված՝ արդեն ունեն արոտավայրի խնդիր, որսի տարածքներն են փոխվել, ադրբեջանական հենակետներն են անմիջապես մեր սահմանների մոտ: Մարդիկ նշում են, որ իրենք ավելի ապահով կզգան, երբ իրենց մոտ լինի ոչ թե ողորկափող, այլ ակոսավոր հրացան:
Գործող օրենքով՝ քաղաքացին 5 տարի նախ պետք է ողորկափող՝ որսորդական հրացան ունենա, այնուհետև՝ ձեռք բերի ակոսավոր զենք: Հիմա առաջարկվում է այս սահմանափակումը հանել: Ակոսավոր հրացանը մոտ է մարտական հրազենին: Եթե սահմանամերձ համայնքների բնակիչները կարող են զենք կրել, ինչու հենց սկզբից չթույլատրել ակոսավոր հրազենը՝ նշում է պատգամավորը:
Արմեն Խաչատրյան - Բացի որոսորդությամբ զբաղվելու նպատակներից, եթե իրենք ունենան ակոսավոր որսորդական հրացան, իրենց մոտ կավելանա նաև ինքնապաշտպանության և ինքնավստահության խնդիրների լուծման հնարավորությունը:
Նախագծով զենք կրելու թույլտվություն կունենան միայն փաստացի բնակվող անձինք, անկախ գրանցման վայրից:
Արմեն Խաչատրյան - Որովհետև մարդիկ կան, որ հաշվառված են, սակայն չեն բնակվում սահմանամերձ գոտիներում, հնարավոր է, որ հետագայում գնան հաշվառվեն, որ զուտ հրազեն ձեռք բերեն:
Բնակավայրերի ցանկը սահմանելու է Կառավարությունը: Քանի որ զենք կրելու իրավունքի ընդլայնումը նաև ռիսկեր ունի, կմշակվեն հատուկ կանոններ, իսկ ոստիկանությունը կուժեղացնի հսկողությունը։
Արմեն Խաչատրյան - Եթե կա հրազեն, դա արդեն ռիսկ է, ինչ տարբերություն՝ ողորկափո՞ղ, թե՞ ակոսավոր հրազենով ինչ-որ գործողություն կանեն: Սակայն եթե գնահատում ենք արդյունքը և հնարավոր ռիսկերը, արդյունքն ավելի մեծ է, ավելի անհրաժեշտ է ու նպատակահարմար, քան այն ռիսկերը, որոնք կան:
Օրենսդիրներին նման նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ արել էր նաև Կապան համայնքի ղեկավարը:
Գևորգ Փարսյան (Կապան համայնքի ղեկավար) - Այն իսկ օրվանից, երբ թշնամին մոտեցավ Կապանի սահմանին այսքան մոտ, բնականաբար, այդ իսկ պահից առաջացավ այս միտքը, որ սահմանամերձ համայնքի բոլոր բնակիչները, տղամարդիկ հիմնականում, ավելի հեշտ ընթացակարգով զենք կրելու հնարավորություն ունենան:
Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն էին, Արցախյան պատերազմից հետո դրանց ավելացել են ևս 39-ը, 6-ը՝ Գեղարքունիքում, 33-ը՝ Սյունիքում: Թշնամին էլ որ իմանա՝ սահմանից այս կողմ գյուղացիները զինված են, սադրանքների դիմելուց առաջ կմտածի՝ նշում է Փարսյանը:
Գևորգ Փարսյան - Խնդրահարույց ճանապարհահատվածներով հիմնականում գիշերվա ու երեկոյան ժամերին մեր բնակիչները չեն երթևեկում, դա կապված է անհանգստության հետ, զենքի առկայության դեպքում, վստահ եմ՝ անհանգստությունը կնվազի, իսկ երթևեկությունը կակտիվանա:
Օրինագիծը խորհրդարանում է, հեղինակները վստահ են, որ օրենսդրական ընթացակարգը արագ կավարտվի, ակնկալում են նաև Կառավարության աջակցությունը: