Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ:
Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ՀՀ կառավարության քաղաքականության առաջնային ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն իր զարգացման առաջնահերթություններով, և ընդգծել, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով նույնպես ՏՏ ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Էդվարդ Հովհաննիսյանը գոհունակությամբ է նշել, որ պետական կառավարման համակարգում Պետական եկամուտների կոմիտեն առաջիններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր կարողություններով և հնարավորություններով: «Ծառայությունների մատուցման դաշտում հանրության և հարկ վճարողների սպասումներն ավելի հավակնոտ են դառնում՝ չափանիշների առումով: Այսինքն` ՊԵԿ-ն ավելի մատչելի և որակյալ ծառայություններ պետք է մատուցի հանրությանը: Իսկ այդ ծառայությունները կարող ենք ապահովել մեր ունեցած հնարավորությունների շարունակական զարգացմամբ»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:
Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են 2020թ. իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը սպասարկում է 16 ծրագիր, որոնցից օգտվողների թիվը գերազանցում է 10600-ը: Նրանց սպասարկումը, վերահսկողությունը և կառավարումն իրականացվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով:
ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և գրքերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման ու բարելավման ուղղությամբ։
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նախագծերը՝ ապրանքների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, հետագծելիության և ֆիսկալ մոնիտորինգի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ-ի և միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 15-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով:
Քննարկմանն ընդգծվել է ՀՀ ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման ու հետագծելիության առցանց համակարգի աշխատանքը և արդյունավետությունը։
ՊԵԿ նախագահը նշել է, որ հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել է իրագործել նախանշված առաջնահերթությունները, մասնավորապես՝ ռազմավարական ծրագրի միջոցառումները, սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր արդյունավետություն և որակ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ ռազմավարական ծրագիրը օրակարգի առանցքային հարցերից է. նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում: Նա ընդգծել է, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատանքին: