Մեկնարկել է Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը՝ այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800 քմ մակերեսով, մեկհարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։
Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:
Մրցույթը կիրականացվի ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS»
(www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին:
Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլգնումների համակարգի կողմից։