Արցախի պատերազմից հետո անհետ կորածների ընտանիքները նախագահականում Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անհետ կորածների ծնողներին ու հարազատներին են ներկայացնում, թե որոնողական ինչ աշխատանք են իրականացնում:
Անհետ կորածների հարազատների հարցերին պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը նաև վստահեցնում է՝ հնարավոր ամեն ինչ կանի գերիներին ու անհետ կորածներին վերադարձնելու համար:
Հարազատների հետ զրուցելուց բացի նախագահը նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ է քննարկել Ադրբեջանի հետևողականորեն ծրագրած գործողությունները մեր երկրի սահմանամերձ բնակավայրերում, որոնց պատճառով ոտնահարվում են բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները:
Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկացրել է ՄԻՊ-ի աշխատակազմի կատարած աշխատանքի մասին: Գերիներին հայրենիք վերադարձնելու ու միջազգային ատյաններում մեր երկրի մտահոգությունները բարձրացնելու մասին նախագահն ու պաշտպանը պայմանավորվել են համատեղ աշխատել: