Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ սահմանադրական ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են` համոզված են քաղաքագետները:
Ստեփան Գրիգորյան (քաղաքագետ) - Մի պրոբլեմ կա իշխանության մոտ՝ ադեկվատ չեն այսօրվա իրողություններին:
Արտահերթ ընտրության գնալու հրամայականը, ըստ Գրիգորյանի, առավել ակնհայտ դարձավ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո:
Փետրվարի 25-ին զինված ուժերը՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հենց այս փաստը, քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ, է՛լ ավելի խորացրեց երկրում տիրող ճգնաժամը: Բադալյանը նշում է՝ առանց փոխզիջումների հնարավոր չէ հանգուցալուծման հասնել:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ հանրապետության նախագահը ստորագրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը: Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է ստորագրի Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը, կա՛մ էլ առարկություններով հետ ուղարկի Կառավարություն:
Եթե առարկությունները չընդունվեն, ըստ Սահմանադրության, նախագահը պետք է ստորագրի համապատասխան ակտը կամ դիմի Սահմանադրական դատարան: Նշված քայլերից որևէ մեկը չնախաձեռնելու դեպքում ակտն ուժի մեջ կմտնի:
Արմեն Սարգսյանը այս օրերին հանդիպումներ է անցկացնում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Գրիգորյանի գնահատմամբ՝ այդ հանդիպումները չեն նպաստի լարվածության թուլացմանը:
Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում պետք է արգելակվի գոնե այն կետում, որին արդեն հասել է: Եթե զինվորական էլիտան շարունակի ակտիվություն դրսևորել, ապա, ըստ քաղաքագետ Հակոբ Բադալյանի՝ երկրում հավանական են վտանգավոր զարգացումներ:
Եթե անգամ այս փուլում դժգոհության ալիքը մարի, միևնույն է՝ պատերազմից հետո առաջացած ճգնաժամի պատճառները չեն վերանում, ուստի իշխանությունը ընտրության չգնալու դեպքում որոշ ժամանակ անց կրկին կհայտնվի փակուղու առաջ, և հնարավոր է լինեն ծանր հետևանքներ՝ եզրակացնում են քաղաքագետները: