Վերջացավ ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի 20-րդ ձմեռային նստաշրջանը: Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած քննարկումներին մասնակցեց մոտ 270 խորհրդարանական: Հայկական պատվիրակության օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ռազմագերիների վերադարձի հարցերն էին, որ, ինչպես սովորաբար, ուղեկցվեցին ադրբեջանական սադրանքներով՝ հիմնականում հակամարտության ավարտված լինելու վերաբերյալ:
Հռիփսիմե Գրիգորյան, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է: Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար և խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը: Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Կարևոր խնդրին անդրադարձ կար նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի խոսքում: Նա հիշեցրեց. թեև
հրադարարի մասին հայտարարությամբ դադարել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ. խնդրի կարգավորման տարբերակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Հայ պատվիրակ Մարիա Կարապետյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացնում ադրբեջանական պնդումը և պարզաբանում.
Մարիա Կարապետյան, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Այդուհանդերձ, նրանք շարունակում են արգելափակել միջազգային հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ: ԵԱՀԿ ՄԽ-ն և այլ դերակատարներն ասում են. ոչ, հակամարտությունն ավարտված չէ, ԼՂ կարգավիճակը որոշված չէ, և մենք հեռու ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումից: Ադրբեջանցի գործընկերներն ասում են, թե պատերազմից հետո գերի են վերցրել որոշ զինվորների, այնպես որ «բոլորը բոլորի դիմաց» գերիներին վերադարձնելու համաձայնությունը նրանց չի վերաբերում: Սա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունը չի հարգում Ժնևի կոնվենցիան: Կոչ եմ անում արտգործնախարարներին պահանջել Ադրբեջանից վերադարձնել հայ գերիներին: Մինչև նրանք տուն չգան, մենք չենք կարող առաջ շարժվել:
Պատգամավորը հիշեցնում է, որ երբ պատերազմից հետո երկու ադրբեջանցի հատեցին Հայաստանի հետ սահմանը, մենք նրանց վերադարձրինք: Ադրբեջանական ագրեսիան նաև այլ երկրների պատվիրակների ելույթներում էր:
Բյորն Սյոդեր, ԵԱՀԿ ԽՎ պատգամավոր, Շվեդիա - Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: Կասկած չկա, որ այդ հարձակումը մանրամասն պլանավորած էր: Երկար ժամանակ Ադրբեջանը վերազինվեց, հիմնականում՝ Թուրքիայի օգնությամբ, Թուրքիան նույնիսկ Սիրիայից ահաբեկիչ վարձկաններ բերեց: Հակամարտությունն արագ սրվեց, իսկ աշխարհը մի կողմ քաշվեց և հետևեց, թե ինչպես է մի ռազմական հանցագործությունը հաջորդում մյուսին: Ցավոք, այն նույն ձևով երիտթուրքերը փորձեցին բնաջնջել հայերին, երբ աշխարհը նորից հեռվից հետևեց և սպասեց նոր փորձի: Մարդիկ, որոնք պատասխանատու են այս հանցագործություների համար, պետք է պատասխան տան միջազգային իրավունքը խախտելու համար:
Պատմական ակնկարկին հետևեց շվեդ պատգամավորի պահանջն Ադրբեջանին՝ անհապաղ փոխանակել մահացած զինծառայողների մարմինները, գերիներին ու ռազմագերիներին, և կասեցնել նրանց նկատմամբ իրավական գործընթացները:
Մարկ Դեմիսմեյքեր, ԵԱՀԿ ԽՎ պատգամավոր, Բելգիա - Ցանկացած պատերազմ մարդասիրական ողբերգություն է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառություն չէ: Հրադադար է, բայց շատ խնդիրներ մնում են չլուծված: Առաջին հերթին՝ ռազմագերիների հարցը: Մեր ուշադրությունը պետք է սևեռենք այս հարցի վրա՝ այն դիտարկելով որպես առաջնահերթություն: Դա մարդկային արժանապատվության հարց է: Ես մտահոգ եմ զեկույցներում ներկայացված՝ գերիների թվի մասին տվյալներով: Ավելի քան 200 հայ գերի և ռազմագերի, և նույնիսկ չկա հստակ թիվ՝ Ադրբեջանի կողմից գործակցության բացակայության պատճառով:
ԵԱՀԿ գերիների հարցը պետք է անհապաղ քննարկման դնի՝ պահանջում են ԵԱՀԿ Խորհրդարանական ժողովին մասնակցող պատվիրակները: