Դեռ երկու օր է, որ ոչխարներն անասնագոմում են, բայց արդեն փոքրիկներն ընկերացել են կենդանիների հետ, հայրիկին օգնում են խնամել: Զարգարյաններն Արցախի Նոր Կարաչինարից են, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եկել են Լոռի՝ Յաղդան, հետո դարձել բարեգործական հիմնադրամներից մեկի շահառու ու 5 ոչխար ստացել: Որոշել են՝ մնալու են այստեղ ու անասնապահությամբ են զբաղվելու:
Սվետլանա Զարգարյան - Փոքր երեխաներ ունենք, վերմակ կկարենք, ձագեր կտա ոչխարը: Գառ կլինի, կշատացնենք, կբազմացնենք, մի խոսքով, շատ լավ կլինի՝ ինձ թվում է: Ղարաբաղում կով ունեցել ենք, ոչխար չենք պահել, բայց մանկուց ծանոթ եմ էդ աշխատանքին:
Անասնապահության բնագավառում ունեցած փորձը այժմ կկիրառեն Լոռիում, առաջիկայում էլ կմտածեն տնտեսությունը զարգացնելու մասին, հատկապես որ այստեղ իրենց գրկաբաց են ընդունել, ասում են՝ առաջին իսկ օրերից կապվել են թե՛ լոռեցիների, թե՛ Լոռվա բնություն հետ. մարդիկ էլ օգնել են, ինչով կարողացել են:
Մարիամ Անտոնյան («Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն) - Պատերազմի ընթացքում բոլորս ոնց որ ինքնաբուխ հավաքվեցինք ու փորձեցինք օգնել արցախցիներին առաջին անհրաժեշտության իրերի հետ կապված, որովհետև մեծ մասը եկել էր, շատ արագ տնից դուրս էին եկել, ոչինչ չէին կարողացել վերցնել, օգնեցինք հագուստով, սնունդով, տաք վերմակներով:
Արցախում տունը կորցրած և Ստեփանավանում հաստատված Օհանյանների բազմանդամ ընտանիքն էլ ապրում է վարձով, բայց նպատակ ունեն հետագայում բնակարան ձեռք բերելու: Զբաղմունքը կրկին անասնապահությունն է, ընտանիքի հայրն ասում է՝ անասնապահությամբ զբաղվելու բոլոր նախադրյալները կան, մնում է աշխատեն ու բիզնեսը զարգացնեն:
Մանուկ Օհանյան - Խոտը բոլ բոլ ա, մի բան էլ կավելանա, չի պակասի, եթե եղանակները սենց մնան: Արոտավայրերը կա, նեղվելու բան չունենք: Գոհ եմ մեր հարևաններից, ամեն տեղ աջակցում են, ցույց են տալի՝ որտեղ կարելի ա, որտեղ չի կարելի…
Այժմ Լոռիում գտնվող 1311 Արցախի հաշվառում ունեցող քաղաքացի կա, ընդհանուր՝ 398 ընտանիք, ովքեր վերջնական որոշել են մնալ մեր մարզում, տնտեսություն հիմնեն ու զարգացնեն:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան