Նախորդ տարվա հուլիսից մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու եռամյա ծրագիրն իրագործման փուլում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ ծրագրից հիմնականում օգտվում են այն ընտանիքները, որոնք ունեն վարկ, երեխան էլ ծնվել է 2020-ի հուլիսի 1-ից հետո:
Հասմիկ Թադևոսյան - Ամեն պուճուրիկ տան ուրախությունն է, ես ինքս երեքն եմ ուզում, դեռ երկուսն էլ ունենալու եմ:
Փոքրիկ Յանայի ընտանիքը ևս այդ ծրագրի շահառուներից է:
Հասմիկ Թադևոսյան - Մենք դիմել ենք, մեզ պետությունը տրամադրել է բալիկի ծնվելուց հետո, 500 հազար դրամ փոխհատուցել է բանկին, որտեղից որ մենք մեր տունն էինք գնել:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Ծրագրերը հիմնականում միտված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող կամ ձեռք բերած և անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին:
Ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում դրամական աջակցությունն ուղղվում է արդեն գործող հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Գայանե Ղարագյոզյան - Աջակցությունը տրվում է, եթե երեխայի ծնված հաջորդ ամսվա 1-ի դրությամբ առկա է 12 ամիս մարում, և այստեղ արդեն պետությունը առաջին և երկրորդ երեխաների դեպքում մայր գումարից 5 և 10 տոկոս` կախված, Երևանո՞ւմ է, թե՞ մարզում, բայց ոչ ավելի, քան 500 հազար, և երրորդ երեխայի դեպքում՝ 25 կամ 50 տոկոս՝ ոչ ավելի, քան 2 միլիոն դրամի մարում է կատարվում մայր գումարի վարկից:
Միանվագ դրամական աջակցության դեպքում մարզի առնվազն երկու երեխա ունեցող ընտանիքները ստանում են կանխավճար՝ բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամ:
Գայանե Ղարագյոզյան - Կանխավճարի ապահովագրության ծրագրի աջակցության չափը կազմում է տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 180 հազար դրամ:
Կանխավճարի ապահովագրության ծրագրի շահառու կարող է լինել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որն անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը հայտնում է՝ նախորդ տարվա հուլիսից մինչև հիմա ծրագրին դիմել է 736 քաղաքացի, 654-ն արդեն ընդգրկվել են տարբեր ծրագրերում, իսկ վճարումն իրականացվել է 593 շահառուի համար: Ընդհանուր վճարվել է մոտ 468 միլիոն 505 հազար դրամ, որից 131 միլիոն 246 հազարը՝ 2021 թվականին:
Ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված այս միջոցառումների համար 2021-ին նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ, սակայն նախատեսում են գումարն ավելացնել: Մասնագետները կանխատեսել են, որ նման անհրաժեշտություն առաջանալու է: