Իշխան Տրդատով (Սումգայիթի ջարդերի ականատես) - Նայում եմ պատուհանից՝ ոստիկանները կանգնած են, ոչինչ չեն անում: Ամբոխի վայրագություններից մազապուրծ եղած մի կին, որի վրա ծխախոտ էին հանգցրել, ամբողջ մարմինը վերքեր էին, խնդրում էր օգնել, բայց ինչպե՞ս օգնեի, նրանք հերթով բոլորին սպանելով հասնում էին նաև մեր տուն:
Սումգայիթում տեսած մահը Տրդատովի աչքերում է՝ արդեն 33 տարի: Հայտնի ավտոբուսի կադրը գիտի ամեն հայ: 1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակի հանրահավաքից հետո ավազակախմբերը մտնում էին ավտոբուսներ, փնտրում հայերի, սկսում հարվածել: Հաջորդ օրվանից սկսվեց ցեղասպանության քրոնիկոնը: Իշխան Տրդատովի պատմությունը հարյուրավոր պատմություններից մեկն է: Հրաշքով փրկված պատմությունը միայն մեկն է՝ ամեն վայրկյանը՝ դեմքի ու մարմնի 16 սպիների վկայություններով, ադրբեջանական ժխտող ու եղածը հերքող ստին ի պատասխան:
Իշխան Տրդատով - Աստիճանին էի, ձողն ընկավ գլխիս, այդ ժամանակ դեռ մյուս հարկերի մարդկանց հետ էին հաշվեհարդար տեսնում, վերևի հարևանների տանը վեց ժամ մնացին: Երբ ինձ խփեցին քարով, ես հասկացա, որ ատամնաշարս շարժվում է, երբ արթնացա, ամբողջությամբ արյան լճակի մեջ էի: Ուզում էի վեր կենալ, չէի կարողանում:
Փետրվարի 27-29-ը տևած անպատիժ ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ: Նույնիսկ ականատես լրագրողներն էին վկայում՝ խոչընդոտում էր հանգամանքը, որ զոհվածների դիակները տարվում էին տարբեր դիահերձարաններ՝ հայերին տրված արյունոտ պատասխանը թաքցնելու համար:
Իշխան Տրդատով - Հորս գլուխը կացնով թակած էր, նա Բաքվում մահացավ Սումգայիթի եղեռնագործության չորրորդ օրը... Բժիշկն ինձանից էլ հույս չուներ: Ամիս ու կես մնացի այդ հիվանդանոցում: Բոլոր ողջ մնացած հայերին բառացիորեն լցրել էին մի տեղ: Ասում էին՝ անկախությո՞ւն եք ուզում, դե ստացեք ձեր անկախությունը, ասում էին՝ դե ստացեք ձեր Ղարաբաղը:
Երբ ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը, սուտ է, 30 տարուց ավելի է անցել, ամեն անգամ պատմելիս ինձ թվում է՝ երեկ էին այդ տանջանքներս...
Նույնը սպառնում էր Արցախի հայությանը, եթե չկազմակերպվեր ինքնապաշտպանությունը նաև 2020-ի Արցախյան պարտադրված պատերազմի ռազմական հանցագործություններով: Այս վայրագությունները պարզապես պատմություն չէր, Սումգայիթից հետո հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործվեց Կիրովաբադում, Բաքվում, Ադրբեջանի բոլոր բնակավայրերում: Մասնագետների հաշվարկներով՝ Ադրբեջանից բռնի տեղահանվել է մոտ 700 հազար հայ, հարյուրավորները սպանվել են:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - 90-ականներն էլ օդից առաջացած իրականություն չէր, մինչև այդ եղել էին 18-20 թվականի ջարդերը:
Միջազգային կառույցները, Եվրոպայի խորհրդարանը երեք բանաձևով դատապարտեց Բաքվի, Սումգայիթի հանցագործությունները, բայց այդ երկիրը դեռ անպատժելի է, և Ադրբեջանի այլ տարածքներում ևս հայերի հանդեպ հաջորդած բռնությունները հստակ քաղաքական և իրավական գնահատական չստացան: Բաքուն չհարուցեց ոչ մի քրեական գործ, իրենց տներն ու հարազատների կյանքը կորցնելու համար մարդիկ չստացան որևէ փոխհատուցում: Իսկ Հայաստանում 33 տարի փախստականի կարգավիճակով անօթևան ընտանիքների տանիքի հարցը Կառավարությունը սկսեց լուծել 2019-ից:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Մնացած մեր շահառուները մոտ 70 տոկոսը ստացան, 52 տոկոսն էլ գնման պրոցեսի մեջ են, կա պայման գումարի փոխանցման:
Գնման ընթացակարգը ևս ժամանակ է ենթադրում, կա պայման, 49 ընտանիք ունենք, որ գնման պրոցեսի մեջ են, իսկ 64-ը գնացել են իրենց բնակարաններ:
Ծրագրի երկրորդ փուլով, հույս ունեն, կավարտեն Երևանում բնակարանի խնդիր ունեցողների կարիքներն ու կանցնեն մարզերին: Տարիներ անց դաժանագույն տանջանքներ տեսած աչքերը սեփական տանիքում կկարողանան մոռանալ եղածը: Ու մինչև Սումգայիթի ողբերգությունը վերապրածներն ու զոհերը կճանաչվեն որպես ցեղասպանության զոհեր և տուժածներ՝ Բաքվի միջազգային անպատժելիությունը նոր հանցանքների թևեր է տալիս այդ երկրին՝ հայերի դեմ ատելություն քարոզելով: