Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ փետրվարի 26-ի ասուլիսին արած հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս:
«Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանը հակազդել է նաև Ալիևի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, և պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:
«Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և տարեցների և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- նշել է նա:
Ըստ պաշտոնյայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիևի ներկայացրած Միշա Մելքումյանի և այլ դեպքերը:
«Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ:
Հայատյացությունն Ադրբեջանի հասարակության մեջ ունի խոր, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և անձամբ նախագահի կողմից»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
«Եթե Իլհամ Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցրած հայտարարությունների մասին:
Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»,- գրում է Բեգլարյանը:
Անդրադառնալով Արցախ մուտքի արտոնագրի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը գրել է.
«Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգում:
Դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին: Որևէ միջամտություն անընդունելի է»։